Կոստանդնուպոլսի պատրիարքը թուրքական մամուլի խաչաձև կրակի տակ է, որ պատմում է լեգիտիմ իշխանության դեմ դավադրություն նախապատրաստած եռյակի մասին՝ Գյուլեն, ԿՀՎ և պատրիարք: Հուլիսին Էրդողանի դեմ հեղաշրջման փորձի կողմնակիցների հազարավոր կասկածյալների թվում լրագրողներ են, զինվորականներ, դատավորներ, համալսարանական դասախոսներ, հիմա նաև՝ էկումենիկ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս I-ը: Այն գիշերից հետո, երբ մի քանի ժամ Էրդողանի իշխանությունը վտանգված էր, առաջին անգամ է թուրքական իշխանությունը թիրախ դարձնում Բարդուղիմեոսին: Առաջին հարվածը հասցրեց Aksam օրաթերթը՝ իր առաջնորդողում գրելով, որ հոգևորականը մասնակից է հեղաշրջման փորձին, հեղինակները մանրամասների ժլատություն չէին արել՝ հավելելով պատրիարքի և Ֆեթուլա Գյուլենի համատեղ մի քանի լուսանկարներ:
Ճիշտ է, լուսանկարներն արված են 90-ականներին, երբ քարոզիչը դեռ չէր հեռացել Փենսիլվանիայի անտառներ և Էրդողանի ընկերն ու խորհրդատուն էր: Aksam-ը պատմում էր եռյակի մասին, որը նախապատրաստել է դավադրությունը Էրդողանի լեգիտիմ իշխանության դեմ՝ Գյուլեն, ԿՀՎ, պատրիարքարան: Պատրիարքի մասնակցության պատճառը հեղինակները որոնում ու գտնում են Անկարայի ու Մոսկվայի մերձեցման մեջ, իբրև հետևանք՝ Թուրքիայի ու Ռուս ուղղափառ եկեղեցու՝ պատրիարք Կիրիլի գլխավորությամբ, որ սառը հարաբերություններ ունի Բարդուղիմեոսի հետ: Aksam-ի շարադրանքի հիմքում Եմենում ԱՄՆ նախկին դեսպան Արթուր Հյուզին վերագրվող դոսյեն է, որտեղ նա պատմում է Գյուլենի ու Բարդուղիմեոսի չդադարած կապերի մասին: Ինչպես պարզվեց՝ դոսյեն կեղծ էր: Դիվանագետն ինքը հերքեց և պահանջեց հոդվածը հեռացնել ինտերնետից:
Անկախ ճիշտ, թե սուտ է դոսյեի բովանդակությունը, կարևոր է, որ Էրդողանի զտումների թիրախում հայտնվել է նույնիսկ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որ դրսևորել է մեծագույն զգուշավորություն (ոմանց գնահատականով՝ ծայրահեղ) ձախողված հեղաշրջմանը հաջորդած շաբաթներին: Չի ասվել ոչ մի ավելորդ բառ, միայն կառավարության հետ համերաշխության պաշտոնական հայտարարություն:
Հաջորդ օրը՝ Էրդողանի Ստամբուլ հաղթական վերադարձի ժամանակ նրա կողմնակիցների վիթխարի ամբոխի մեջ տեղացի կրոնական գործիչները տարածում էին փաստաթուղթ, որտեղ արտահայտում էին «խոր տխրություն ողբերգական միջադեպի կապակցությամբ, որ խախտեց հանգստությունը մեր հրաշալի երկրում ու աշխարհում»: Ի թիվս այլոց՝ այդ փաստաթուղթը ստորագրել էր և Բարդուղիմեոսը: Բայց դա քիչ էր: Տարբեր դիտորդներ նկատեցին, որ իշխանություններն առիթն օգտագործեցին՝ իր տեղը ցույց տալու երկրի կրոնական առաջնորդներից մեկին, որ մեծ հեղինակություն ունի արտասահմանում, նամակ ուղարկելով նույնիսկ պապին, թեպետ նրա հետ հարաբերությունները մեկ տարի առաջ համարյա խզվել էին, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում խոսեց հայերի ցեղասպանության մասին կործանվող Օսմանյան կայսրությունում՝ կրկնելով իր առանցքային դրույթները հունիսին Հայաստան այցի ժամանակ: Հեղաշրջման ձախողված փորձից շատ առաջ Aksam-ը պատմում էր մի եկեղեցու մասին, որ ֆինանսավորում է Գյուլենը, ինչը (ընդգծվում էր հոդվածում), անկասկած, «Վատիկանը ողջունում է»:
Ճիշտ նույն կերպ, Վատիկանը ողջունեց Լևենի կաթոլիկ համալսարանի ու Փենսիլվանիայում ապրող քարոզչի համաձայնությունը, որի շրջանակներում Բելգիայում պիտի պատրաստվեն իմամներ նրանց փոխարեն, որ ուղարկել է Թուրքիան: Համալսարանը այդ տեղեկությունը հերքեց: Եկեղեցու և պետական հաստատությունների ցանցի դավադրության տեսությանն աջակցության մեջ մեղադրվում էր նաև Հովհաննես Պողոս Երկրորդը, որ 20 տարի առաջ, 1998-ին հանցանք էր գործել՝ ծանոթանալով Գյուլենի հետ: Պատրիարքարանն առայժմ «ափսոսանք է հայտնում» «սուտ մեղադրանքների» պատճառով:
Հասարակության հետ կապերի պատասխանատու Դոսիթեյ Ագնոստոպուլոսի նոտայում հերքվում է դավադրության որևէ մասնակցություն, պատրիարքության ներկայացուցիչը Fides գործակալությանն ասել է, որ կատարվողը հիշեցնում է Բարդուղիմեոսի դրությունը բարդացնելու համար խաղարկված գործողություն, քանի դեռ նա դիվանագիտական նկատառումներով ձեռնպահ է մնում մեկնաբանություններից և զբաղված է ապագայի մասին մտքերով՝ հասկանալով, որ նրան, ով կհաջորդի իրեն, անխուսափելիորեն կտրամադրվի Թուրքիայի քաղաքացիութjուն: Որ ներկա պայմաններում բոլորովին էլ հեշտ չէ:
Մատեո ՄԱՏՈՒՑԻ, Il Foglio
Հ.Գ. Փաստորեն Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ճկուն խելքը չունեցավ՝ մի նամակով ապահովագրելու իրեն հեղաշրջման փորձի մասնակցությունից, որի հեղինակ հենց թուրքերն անվանում են իրենց նախագահին: Ճիշտ է՝ այն թուրքերը, որ Թուրքիայում չեն ապրում: Իսկ գուցե չցանկացավ, և այս պատմության հիմքում ոչ թե Գյուլենն է, այլ՝ Կրետեի չկայացած ուղղափառ տիեզերաժողովը, որ ձախողեց Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը: Հարցերի հարցը Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքի մասնակցությունն է ոչ թե հակաէրդողանյան դավադրությանը, այլ՝ ո՞վ է լինելու ուղղափառների առաջնորդն աշխարհում՝ Ռո՞ւս ուղղափառ եկեղեցին, թե՞ Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցին՝ ինչպես եղել է դարերով, բայց Կրեմլը և Կիրիլը փորձում են դա վիճարկել: Իսկ Հռոմի պապը, ակնհայտորեն, Բարդուղիմեոսին է աջակցում: Չի բացառվում, որ Բարդուղիմեոսին հաջորդած պատրիարքը արդեն այնքան խելահաս լինի, որքան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ